HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Մարմնի տարբեր արագությունները

-Այ քեզ պատմություն, ուրեմն ոչ ոք չի գա՞, որ կիսովի գնանք:

-Չէ, այ ախպեր, էս ժամին էլ Գյումրի գնացող չկա:

-Բա մարշրուտնի՞, մարշրուտնի էլ չի լինի՞:

- Չէ, վերջինը 4.30 գնացել է:

- Միակ վարյանտը քո տաքսին նստե՞լն ա:

- Հա,- խնդում ա:

-Լավ, գոնե հինգ հազարով տար:

-Չէ, վարյանտ չկա, վեցով:

-Արի կմ-ը 100 դրամ հաշվի, ի՞նչ ա անում:

-Յոթ հազար ա անում, ես քեզ վեցով եմ տանում,-խնդում ա:

Ժամը վեցն էլ չկա, Վանաձորի ավտոկայանը գրեթե դատարկ, մի անկյունում միայն մի մարշրուտնի՝ Երևան գնացողը, ուրիշ ուղևոր չկա:  

Իմ էշ խելքն ասա, որ Լերմոնտովոյում չմնացի գիշերը, առավոտը Միշան էլի Վանաձոր կտաներ, արանքը հինգ հազար կխնայեի:

-Լավ, ինչ արած, գնացինք:

-Անարխիստների մի խումբ կա՝ «Անտեսանելի կոմիտե», շատ խարիզմատիկ լիդեր ունի՝ Ժուլիեն Կուպա, նրա դատը արդեն հինգերորդ տարին ձգվում է,- «Դալան» ռեստորանում ենք, Վենսանը պատմում է Ֆրանսիայի անարխիստական  շարժման մասին:

-Ի՞նչ է արել:

-ՏԺՎ-ն՝ արագ գնացող գնացքները որ կան, այ դրանց սնուցող էլեկտրականության լարերի արանքը ծռած երկաթ էր գցել: Գնացքը կանգնել էր, մինչև վերանորոգեին:

-Իսկ ինչի՞ էր նետել:

-Կանգնացնում էր կապիտալիստական արագությունը, կապիտալիզմն ավելի ու ավելի արագ գնացքներ է ստեղծում, որ մարդկանց՝ աշխատուժի վերածած, ավելի  արագ հասցնի աշխատատեղ, ինչքան արագ՝ էնքան եկամուտը շատ: Մարդիկ էլ առավոտ արագ վեր են կենում, արագ նետվում աշխատանքի ու նվիրված աշխատում: Նա կանգնացնում էր այդ արագությունը՝ հերիք շտապեք, կանգնեք մի պահ, հարց տվեք, թե ո՞ւր եք շտապում, ինչի՞ համար, հանուն ինչի՞:

Վենսանի կեղծանուններից մեկը Իվան է, տղայի անունն էլ Իլյա է:

- Լենինի հոր անո՞ւնն ես դրել:

Չէ,-ծիծաղում է,- Գոգոլը հերոս ունի՝ Իլյա, նրա անունն է:

Ուրեմն, ճիշտ արի, որ տղայիս անունը Հովհաննես դրեցի, կարա հանգիստ դարձնի Իվան: Իվան Իշխանյան: Ի՜նչ լավ ա, որ Վենսանը եկավ Երևան, վերջը հազիվ իմ պես ռուսուլման ընկեր գտա, թե չէ մենակ էի մնացել:

Իվանն էլ կապիտալիստական արագությունը կանգնեցնելու իր մեթոդն ունի. Փարիզում նրանք ունեն սուֆլյորների կազմակերպություն, որ փողոցներով քայլում են ու արագ քայլող, շտապող մարդկանց ականջին լայն լսափողը դնում ու բանաստեղծություն արտասանում:

Ամեն բան չեն կարդում, բանաստեղծությունները հատուկ ընտրում են կազմակերպության ժողովների ժամանակ:

-Միայն ֆրանսիացի՞ բանաստեղծներ եք կարդում:

-Չէ ինչու՞, նաև թարգմանություններ:

Լավ ա, նվիրեցի Վիոլետի «Սերը» բանաստեղծությունը Դենի Դոնիկյանի ֆրանսերեն թարգմանությամբ: Գուցե կարդան կապիտալիզմին ծառա դարձած ֆրանսիացիների ականջին.

Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր,

ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն,

ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ,

մինչեւ վերջանամ ինքս ինձանից,

մինչեւ ինձանից ինքս դադարեմ,

ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ` ՈՉ ՄԻ ՏԵՂ –

                                                                                        ափ երանության…

 -Ախպեր ջան, կասե՞ս Գյումրիում ինչ ես անելու:

-Հետազոտություն պիտի անեմ:

-Ի՞նչ հետազոտություն:

-Դե լրագրողական, վերջին 25 տարում Գյումրիում ինչ փոփոխություններ են եղել, շինարարություն, ճարտարապետություն, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն:

-Դե հա, Գյումրիի մասին էլ ինչ հետազատություն պիտի անես, մարդիկ հազիվ են ապրում:

Վենսանի ու Կոնստանսի վերջին օրերն են Երևանում, արդեն պտտվել են աջուձախ՝ Գյումրի ու Սյունիք:

-Իվան, բա ինչպե՞ս դարձար ձախ ու անարխիստ:

-Առաջին անգամ 13 տարեկան էի, որ ցույցի դուրս եկա, կլիներ 1982 թիվը, ներգաղթյալների իրավունքների համար երթ էր, գնում էինք Փարիզ, ես ցուցապաստառներ էի սարքել, պարզած գնում էի: Հետո, տարիներ անց իմացա, որ ցույցի հետևը կանգնած էր կառավարությունը, որ իր ծրագրերի համար հիմք ունենա: Ուրեմն, ի՞նչ անել, որ չդառնաս համակարգի ձեռքին խաղալիք, ամենուր է նա: Ընդունվեցի Մոնպելիեի համալսարանի կինոյի սցենարական բաժինը, երեք տարի անց դուրս եկա, հասկացա, որ համակարգը քեզնից իր համար կերտում է մասնագետներ: Այդպես ընդգրկվեցի ինքնավար՝ անարխիստական շարժումերի մեջ, որոնք համակարգը ընդհանրապես չեն ճանաչում:

-Ընտրություններին չես մասնակցո՞ւմ:

-Չէ, 1995-ից չեմ մասնակցում, էն պահից, երբ հասկացա, որ ընտրությունները համակարգն է: Մենք համերաշխ ենք բոլոր այն շարժումների հետ, որոնք համակարգից դուրս են, խմբերը, որոնք գրավում են տարածքներ, շենքեր և իրենց ինքնավարություններն են ստեղծում, խանգարում են համակարգի գործունեությանը:

Հետաքրքիր է շենքեր գրավել, իսկ Երևանո՞ւմ, երբ իշխանությունը ուզում է շենք քանդել, ցույց պիտի անե՞լ, թե՞ մտնել շենքը գրավել: «Սասնա ծռեր»-ը, ասենք, զենքով գրավեր Բուզանդի, Կողբացու հին շենքերը ու պաշտպաներ, ի՞նչ կլիներ:

-էստեղ որ նստած ենք, չէ՞, «Դալան» ռեստորանը, մի քանի տարի հետո որ գաք, չի լինի, տեղը նորակառույց բարձրահարկ է լինելու: Էս հին շենքերը քանդման տակ են,-ասում եմ ես:

-Ո՜նց թե,-տեղից թռնում է Ղեժիսը ու ձեռքերը պարզում,-ո՞նց կարելի է էս սիրուն տեղը քանդել: Անպայան դիմեք «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին, որպես պատմական արժեք նա կպաշտպանի:

«Դալանը» հին Երևանի վերջին բեկորներից է, որ երկհարկանի շենքի դալանով մտնում ես ներքին բակ, ուր բացօթյա ռեստորանն է:

 Վենսանը ժպտում է, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն էլ համակարգի մասն է: Թե ուզում ես չքանդեն, պիտի մտնես գրավես, պահես:

-Իվան, իսկ կա՞ Ֆրանսիայում այդպիսի տարածք, որ մարդիկ գրավել ապրում են:

-Շատ: Ամենամեծը հյուսիսում՝ մի օդանավակայան էին ուզում սարքեն, մարդիկ մտան, գրավեցին ամբողջ տարածքը, հինգ տարի է այնտեղ ապրում են, ստեղծել են իրենց կոմունան:

-Ոստիկանները չեն ներխուժո՞ւմ:

-Սկզբում ինչ-որ քաշքշուկ եղել էր, բայց հիմա՝ չէ:

-Որ լրագրող ես, կարո՞ղ ա Լևոն Բարսեղյանին իմանաս,-հարցնում է վարորդը:

-Հա, գիտեմ, դու էլ ես ճանաչո՞ւմ:

-Չէ, անձամբ չեմ ճանաչում, ռադիոյով լսել եմ խոսալուց:

-Ինչի՞ ես հարցնում:

-Ուրեմն, ես հաճախ եմ Երևան գնում, Էրեբունի հիվանդանոց հիվանդ ունեմ: «Սասնա ծռեր»-ի օրերին գնում եմ, Կայարան չհասած, Սիլաչիի կողմերը, ոստիկանները կանգնացրին: Դուրս եկա, դակումենտները տվեցի: Ոստիկանը կադաց ու խփեց՝ դու Լևոն Բարսեղյանի բարեկամն ես: Ասում եմ՝ չէ, կապ չունեմ, ուղղակի ազգանունս ա բռնում: Դե ես էլ եմ Բարսեղյան: Բայց հեչ, սկսին խփել՝ ահավոր քֆուրներով՝ ես քու...  դու Բարսեղյանի ի՞նչն ես, ասա, ու տալիս են: Ա՛յ ընկեր,  ոչ մի բանը, էդ մարդուն կյանքում չեմ տեսել, գոռում եմ, կապ չունեմ, տալիս են, քացով ձեռով: ի՞նչ անեմ, փախա, վազելով գցեցի ինձ ավտոն, մի հատ էլ կողիս հասցրին քացով: Այ ըստեղս մինչև հիմա ցավում ա,-ձախ ձեռքը տանում է մեջքին,- Լավ ա, մեքենայի մեջ աղջիկ կար, պասաժիռ էր, իրան էլ չհանեցին:

-Իսկ դուք ի՞նչ ակցիաներ եք անում:

-Հարձակվում ենք բանտերի վրա,-ասում է Իվանը:

-Ինչի՞:

-Որ քանդենք, բանտերը իշխանության ուժն են՝ մարդկանց վախացնում են հանցագործությամբ, որ բանտեր ստեղծեն ու դրանով ռեժիմները պահում են:

Իվանի գնալուց տասը օր հետո՝ օգօոստոսի 26-ին, իրիկունը մտնում եմ «Ազատություն» ռադիո ու կարդում.

22:06 Երթի մասնակիցները հասան «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որը շրջապատված էր ոստիկանական պատով: Հավաքվածները վանկարկեցին խմբի այն անդամների անունները, որոնք բուժում են ստանում ՔԿՀ-ում: Այժմ էլ «Սասնա ծռեր»- ին նվիրված երգ են միացրել, որպեսզի շենքի ներսում նրանք լսեն:

-Իվան, իսկ հեչ քեզ բռնե՞լ են:

-Շաաա՜տ, առաջ ամբողջ ժամանակ ոստիկանատներում էի, հիմա որ երեխա ունեմ, ավելի շատ նրանով եմ զբաղվում:

-Բա որ էդքան մարդ բռնում են, հետո պահո՞ւմ են:

-Հիմնականում ստորագրությամբ ազատում են, հետո սկսում են երկարատև դատական պրոցեսները:

-Իսկ կա՞ն, որ չեն ազատում:

-Իհարկե, կան:

-Նրանց քաղբանտարկյալ եք համարո՞ւմ:

Իվանը ծիծաղում է.

-Յուրաքանչյուր բանտարկյալ քաղբանտարկյալ է՝ ամեն բանտարկյալ համակարգի զոհն է:

«Համարյա ամեն բանտարկյալ իր հաց բերողն ունի: Նրանք էլ են պատժված: Եկեք և տեսեք, թե ինչպես են հազարավոր քաղաքացիների պատժում իրենց բանտարկված հարազատներին հաց բերելու համար: Բանտերի առջև հերթեր են. նույնիսկ ամենաաղքատ ընտանիքները, հաճախ`բառի բուն իմաստով`մի կտոր հաց են բերում իրենց բանտարկյալներին: Ամռան շոգին ու տոթին, ձմեռվա ցրտին բանտի դռների մոտ կուչ եկած սպասում են, որ իրենց հերթը հասնի`այդ մի կտոր հացը փոխանցելու համար»,- գրել է ցմահ կալանավոր Մհեր Ենոքյանը «Հետքում», այն ժամանակ, երբ ծավալվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»-ին հաց տանող Արթուր Սարգսյանի ազատության համար պայքարը: 

Մեկ էլ Մարգարիտը՝ Ղեժիսի ընկերուհին ու Վենսանը ֆրանսերեն տաք-տաք սկսեցին վիճել, ի՞նչ են ասում. Մարգարիտը ասում է՝ ճիշտ չի Ֆրանսիայի ամեն ինչը քննադատել, ոչինչ չընդունել, մարդ վախենում է հպարտանա, որ ֆրանսիացի է:

- Ինչո՞վ հպարտանաս, տես նացիզմի ներխուժման տարիներին՝ ֆրանսիացիները կամ ծախվել էին, կամ փախել երկրից, Դը Գոլը թռել էր Անգլիա, և ովքե՞ր էին պայքարում նացիզմի դեմ, հայերն ու հրեաները,-ասում է Վենսանը,- հիմա եկել հպարտանալու բան եք գտել՝ մեր դրոշը, մարսելյեզը՝ յա-յա-յա-, սիրտս խառնում է:

 -Ինչի՞ պիտի չհպարտանաս, աշխարհին քի՞չ բան է տվել Ֆրանսիան,-զայրացած ասում է Մարգարիտը: Նրա տատը հայտնի ֆրանսուհի է, թաղված է Փարիզի Պանթեոնում:

-Ի՞նչ է տվել աշխարհին, տվել է նացիոնալիզմ: Գերմանիան, Ֆրանսիան նացիոնալիզմ արտադրեցին ու լցրեցին աշխարհով մեկ, վարակեցին ժողովուրդներ, որ մենակ դժբախտություններ ու ցեղասպանություններ բերեց: Նայեք, Հայոց ցեղասպանությունն ինչի՞ արդյունք է, թուրքական նացիոնալիզմի, իսկ դա որտեղի՞ց, իհարկե Եվրոպայից: Թուրքերը ի՞նչ գիտեին ազգ ու նման բաներ, Եվրոպայից իմացան, երիտթուրքերը կարդում էին ֆրանսիական, գերմանական գրքեր ու դրանցից ոգեշնչված որոշեցին, որ Թուրքիայում միայն թուրք ազգ պիտի լինի ու հայերին, հույներին, ասորիներին կոտորեցին, հետո էլ արդեն ալևիներին, հիմա էլ քրդերին: Ահա թե ինչ է տվել Եվրոպան:

Կոնստանսն ուրախացավ.

-Շատ ճիշտ ես Վահան, Ֆրանսիան իր նացիոնալիզմով ու գաղութարարությամբ միայն  դժբախտություններ է տվել աշխարհին, ինչո՞վ հպարատանաս:

-Իսկ Երևանում ի՞նչ հիվանդ ունես,-հարցնում եմ վարորդին:

-Հարսս:

-Ի՞նչ է եղել:

-Կոմայի մեջ է:

-Քանի՞ օր է:

-Արդեն երեք տարի է:

-Ի՞նչ: Ո՞նց երեք տարի:

-Հա, բժիշկների մեղքով եղավ: էստեղ Վանաձորում վիրահատում էին, նարկոզը սխալ էին տվել, ընկավ կոմայի մեջ:

-Բա ի՞նչ արեցիք:

-Ի՞նչ պիտի անենք, դատի տվեցինք: Պարզվեց՝ նարկոզ տվողը մասնագետ էլ չի սկի, արդեն երրորդ դեպքն էր եղել, որ հիվանդը ուշքի չէր եկել:

-Հետո՞, դատը ո՞նց պրծավ:

-Դե դատը հաղթեցինք, լավն էն էր, որ բժշկին գործից հանեցին: էլ իրա պատճառով մարդ չի վնասվի: Բայց էն է, հարսս մինչև հիմա անգիտակից է: Ես էլ երեք օրը մեկ, չորս օրը մեկ Երևան եմ գնում:

Դատարկ ավտոկայան, դատարկ Վանաձոր, երկու մեծ քաղաքներն իրար կապող դատարկ մայրուղիով սլացող հին «Ֆոլցվագենը», որ վաղուց պիտի ջարդոն լիներ, արևը ինչ-որ մեկի ձեռքին լուսարձակ, որ լուսավորում է տաքսու պատուհանից բացվող  ամայությունը՝ լանդշաֆտները, Գյումրիի ամայի փողոցները, այդ ինչ-որ մեկն ասում է՝  տես այս երկիրը  ինչպես են կերել, որ էլ մարդ չի կարողանում բնակվել: Ինչ էլ էդքան ուտես, մի օր կպրծնի, Հայաստան լինի, թե երկիր մոլորակ: Ո՞վ է կերել: Դարավոր երազա՜նք, անկախ պետությո՜ւն, էնքան անկախ, որ երկրում հայից բացի ուրիշ ազգ  չեն թողել, այլազգի պաշտոնյա չես գտնի,  բայց էս էլ է քիչ, նացիոնալիստներին չի հերիքում, օազիս-հրապարակում հավաքվում ու գոռում են՝ երկիրը անկախ չի: «Հայաստանը Ռուսաստանի գաղութն է»,- խոսում է  նացիոնալիզմը: Ինչպե՞ս ամայացավ, ո՞վ ամայացրեց, ի՞նչ ազգության են նրանք, ովքեր 25 տարի շարունակ երկիրը կտոր-կտոր խժռում են: Կարծեմ ազգանունները «յան»-ով են վերջանում, նացիոնալիզմը կասի՝ ազգանունով չի, գենով է, մենթալիտետով է, հայ չեն, մոնղոլ-թաթար են, ռուս են, թուրք են, ինչպես Զարուհի Փոստանջյանն էր Սարի թաղի ցույցին ոստիկանի երեսին շրխկացնում՝ թուրք: Ինչո՞ւ թուրք: Եթե իմանան, որ իրենց դեմ ոչ թե թուրքն է, այլ դրամատիրությունը, ագահությունը, մրցակցությունը,  անձնական շահը, որոնք ոչ թուրքն է հորինել, ոչ ռուսը, կգտնեն, թե ինչի դեմ պայքարեն: Այդպես՝ նացիոնալիզմը, որ ոչնչացնելու բան չի ունենում, ինքնաոչնչացնում է:

-Իվան, իսկ գուցե գաս Հայաստա՞ն, ճիշտ է՝ այստեղ արագընթաց ՏԺՎ չկա, բայց զսպելու շատ բան կա, արագորեն հարստացողներ կան, որ էնքան են քամել, որ հյուծվել ու մահամերձ է դարձել երկիրը, բանտեր կան, որ երկրում միակ տեղն է, ուր բնակչությունն աճում է: Չես կարծո՞ւմ, որ կապիտալիզմի դեմ պարտադիր չի ծննդավայրում պայքարել:

- Մտածում եմ, արդեն փողոցներում ուսումնասիրել եմ, թե որտեղ չկան նկարահանող սարքեր,-ասում է Իվանը:

Ֆրանսիական մամուլը հաղորդում է.

«2009, մայիսի 30, Ֆրանսիական իշխանությունները կալանքից ազատեցին Ժյուլիեն Կուպային, ով բանտում էր գտնվում մեկուկես տարուց ավելի գնացքի գերարագ գծերի սաբոտաժի կասկածանքով: Ժյուլիեն Կուպան կալանավորված էր հակատեռորիստական ոստիկանության կողմից 2008-ին, և նրա երկարատև անազատությունը առանց մեղադրանք առաջադրելու բազմաթիվ հարցեր էր առաջացնում: Նրա կալանքը մի մասն էր այն կազմակերպության անդամների հարձակման, որոնց ներքին գործերի նախարարը նկարագրում է որպես «անարխո-ինքնավարական» շարժում: Կուպան՝ վերջինը 10 կալանավորվածներից, մշտապես հայտարարում էր, որ անմեղ է, բայց մնում է կալանքի տակ:

Ազատվելուց հետո «Լը Մոնդին» տված հարցազրույցում Ժյուլիեն Կուպան ասում է.

«Այս պատերազմող իշխանության առաջ, որը հանդգնում է աշխարհը բաժանել ընկերների, թշնամիների ու աննշանների, ձախը կաթվածահար է լինում: Այն չափազանց վախկոտ է, չափազանց զիջող ու, մի խոսքով, չափազանց հեղինակազրկված, որպեսզի ինչ-որ դիմադրություն ցույց տա: Եվ նույնիսկ քաջություն չունի այդ իշխանությանը որպես թշնամու վերաբերվելու, նույնիսկ հիանում է նրա ամենախելացի տարրերով:

Ինչ վերաբերում է ծայրահեղ ձախին՝ ինչքան ձայն էլ հավաքեն ընտրություններին, ու նույնիսկ եթե նեղ խմբակային վիճակից դուրս գան, ուր իրենք երկար ժամանակ բուսական կյանքով են ապրում, միևնույնն է, ավելի լավ հեռանկար, քան Սովետի մոխրագույնն է՝ ֆոտոշոփով մի քիչ փոխած, նրանք առաջարկել չեն կարող: Այն դատապարտված է հիասթափեցնելու:

Քաղաքական ներկայացուցչության մեջ, ուրեմն, իշխանությունը ոչնչից չի վախենում, ոչ ոքից: Եվ հատկապես բոլորից ավելի ծախված արհմիութենական չինովնիկները չեն, որ պետք է նրան պահանջներ ներկայացնեն, նրանք արդեն 2 տարի է կառավարության հետ մի շատ անպարկեշտ պար են պարում: Նման պայմաններում միակ ուժը, որ հակադրվում է սարկոզիական բանդային, այս երկրում նրա միակ իրական թշնամին փողոցն է, փողոցն ու իր հին հեղափոխական հակումները»:

 -Բժիշկները ի՞նչ են ասում:

-Բան չէ: Ասում են՝ չենք իմանա, մեկ էլ տեսար հետ եկավ:

-Հույս տալի՞ս են:

-Չէ, հույս չեն տալիս: Որ հույս չի լինում, արդեն գիտես միակ հույսը ում վրա է:

Էս մարդու համար, իրոք, վեց հազարը շատ չի, այս գումարի համար մի լայն շրջան է գծել, ժեշտի կտորը 70 կմ քշել է, բայց դեռ երկար ճամփա ունի՝ Երևան, Էրեբունի հիվանդանոց՝ կոմայի մեջ հարսը անշարժ պառկած: Ու միայն մի հույս՝ Աստված:

Լուսանկարում՝ Փարիզում այս ցույցը գնում է դեպի բանտ (Prison de la Santé), ուր բազմաթիվ կալանավորների հետ նստած է նաև Ժյուլիեն Կումպան: Պաստառին գրված է՝ «Կապիտալի անվտանգությունը չի նշանակում աշխատավորի անվտանգություն», հունվարի 30, 2009: Լուս. հեղինակ՝ Աննա Զայցևավ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter