Ռիմա Դեմիրճյանը բացահայտում է Հոկտեմբերի 27-ի զոհերի կանանց զրույցը՝ Քոչարյանի և Ջհանգիրյանի հետ

«Առավոտ» թերթը գրում է. «Ռիմա Դեմիրճյանն անհեթեթ է համարում Ռոբերտ Քոչարյանի բացատրությունը, թե Կարեն Սերոբիչը եթե վեր չկենար, չխոսեր, նրան չէին սպանի Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, երբ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանում էր Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքի որոշ նախադասություններ, բացահայտեց այդ ժամանակաշրջանում կատարված մի դրվագ՝ որոշ մանրամասներով:

Նա պատմեց, թե 2000-ի մայիսի 7-ին նախագահականում Հոկտեմբերի 27-ի զոհերի կանայք Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ ինչ հանդիպում են ունեցել, եւ ինչ ծանր խոսակցություն է եղել:

Այդ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հարցախեղդ է արել հատկապես Կարեն Դեմիրճյանի կինը՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը: «Առավոտի» հետ զրույցում այս անգամ տիկին Դեմիրճյանը բացահայտեց, թե մասնավորապես ինչ են խոսել Ռոբերտ Քոչարյանի հետ, և վերջինս ինչ «անհեթեթ» բացատրություն է տվել Կարեն Դեմիրճյանի սպանության վերաբերյալ. «Հոկտեմբերի 27-ից հետո մենք մեկ անգամ հանդիպեցինք իր հետ: Ընդհանուր լռության մեջ ես շատ սուր խոսեցի: Այնտեղ Գագիկ Ջհանգիրյանն էր՝ այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը, իր անվտանգության աշխատակիցները եւ մենք: Նա փորձեց բացատրել, որ եթե Կարեն Սերոբիչը չխոսեր, վեր չկենար, նրան չէին սպանի: Ոտքի վերքը պատահականություն էր, մնացածը իր ոչ ճիշտ պահվածքի արդյունք: Իհարկե, դա բանականությունից դուրս է: Կարեն Սերոբիչը չէր կարող, այն մարդը չէր, որ պատգամավորների նման մտներ սեղանի կամ աթոռի տակ: Բայց խփելը… անհեթեթ է նման բացատրությունը, որովհետեւ ուղեծիրը պարզ նկարի վրա ցույց է տալիս, որ կրակում են իր վրա, դա էլ քիչ է՝ ստուգողական կրակոց է լինում: Արդեն մահացած մարդու վրա ինչո՞ւ եք ստուգողական կրակոց անում, այդ էլ՝ մյուս եղբայրը: Ես այն կարծիքին եմ, որ այդ բացատրությունը շատ անհեթեթ բացատրություն էր: Այդտեղ հիմնական թիրախը Կարեն Սերոբիչն էր, դրա համար էլ եկել էին ԱԺ, դրա համար էլ շատ երկար այդ տարբերակը թողել էին, որ պատահական են նրան խփել: Երկար ժամանակ այդ վարկածն ուժի մեջ էր մնում, բայց ոչ մի պատահականություն չկա: Հենց նրա համար են մտել այնտեղ խփել: Որովհետև Վազգենին կարող էին առանձին ուրիշ տեղ էլ խփել, բայց Կարեն Սերոբիչին խփելը չէր բացատրվում ոչ մի կերպ: Դրա համար հատուկ պատրաստված էր այդպես ասել՝ պատահականություն: Չաշխատեց: Երբ որ ամփոփեցին, դատախազը հարցրեց Քոչարյանին, թե վերջապես ինչպե՞ս կարելի է ձևակերպել այս ակտը, ասաց՝ դե, հեղաշրջում և այլն: Ես ասացի՝ ոչ, դա հեղաշրջում չի: Հեղաշրջո՞ւմ, ատրճանակը մարդասպանի մոտ էին թողել, եւ Քոչարյանը մենակ հանդիպել էր նրան: Նա կարող էր Քոչարյանին էլ խփել, չէ՞: Չեղավ: Եթե 3 ճյուղը վերացներ, դա էր իսկական հեղաշրջումը: Ասացի՝ ոչ, դա հեղաշրջում չի, դա քաղաքական սպանություն է»»:

Հռիփսիմե Ջեբեջյան
Ամբողջական հոդվածը կարող եք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս