10:00 | 22.06.15 | Հոդվածներ | exclusive 3667

Անվճար Wi-Fi՝ սահմանամերձ գյուղերում

ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչեւ 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում 2015թ․ հունվարի 1-ից անվճար ինտերնետ` Wi-fi է գործում:

Ծրագիրն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Itel.am-ի հետ զրույցում ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշում է, որ ծրագրի հիմնական նպատակն է ընդլայնել ինտերնետային հասանելիությունը Հայաստանի գյուղերում:
 
Wi-fi սարքերի գործողության շառավիղը մոտ 20 մ է: Մեկ սարքին միաժամանակ կարող է միանալ մինչեւ 25 հոգի:

Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սահմանամերձ գյուղերում ինտերնետ հասանելիության առումով մեծաթիվ խնդիրներ կան:

«Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձեւավորման համար մեծ ծավալով աշխատանք է իրականացվել: Օրինակներից է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որն ավելացրեց մարզերում համակարգչից օգտվողների թիվը: Հաջորդ կարեւոր հարցը ինտերնետ օգտագործողների թվի աճին նպաստելն էր, ինչին հասնելու համար հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները համապատասխան ներդրումներ են կատարել՝ ինչպես մոբայլ, այնպես էլ մալուխային կապով համապատասխան ծածկույթ ապահովելու համար»,- նշում է Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ այսօր սահմանամերձ գյուղերում իրականացվող պիլոտային ծրագիրը թույլ կտա հասկանալ առկա խնդիրները եւ նպաստել ինտերնետ հասանելիության մեծացմանը:

«Համապատասխան արագությունը թույլ է տալիս, որ գոնե Skype-ով եւ սոցցանցերով շփումները հասանելի դառնան: Եթե պիլոտային ծրագիրը բարեհաջող ավարտվի, հետագայում ծրագրում ենք հզորացնել կապը եւ գյուղերում ստեղծել ինտերնետ ակումբներ: Համագործակցում ենք բոլոր օպերատորների հետ»,- ասում է նա:

ՁԻՀ տնօրենը հավելում է, որ տեխնոլոգիաների տարածումը ենթադրում է երկրի կենսամակարդակի բարձրացում եւ աշխատուժի ապակենտրոնացում:

«Փորձում ենք նաեւ լուծել աշխատատեղերի խնդիր՝ նպաստելով, որ մարդիկ ապրեն եւ աշխատեն իրենց բնակավայրերում: Սրան կարող է նպաստել համակարգչի եւ ինտերնետի միջոցով աշխատելու հնարավորությունը»,- ընդգծում է Բագրատ Ենգիբարյանը:

Նարինե Դանեղյան