Նորման Մեյլերը (Norman Mailer 1923-2007) ամերիկացի գրող է, լրագրող, էսսեիստ, քաղաքական ակտիվիստ։ Ամերիկյան մշակույթի մեջ նա իր ժամանակի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր։ Հրատարակել է ավելի քան երեսուն գիրք և երկու անգամ արժանացել Պուլիտցերյան մրցանակի՝ «Գիշերվա բանակները» (The Armies of the Night,1968) ստեղծագործության համար, որը նաև ստացել է Ազգային գրքի մրցանակ, և «Դահճի երգը» (The Executioner’s Song, 1979) փաստավավերագրական վեպի համար։

Մեյլերը լայն ճանաչում է ձեռք բերում 1948 թվականին, երբ հրապարակում է իր առաջին վեպը՝ «Մերկերը և մեռյալները» (The Naked and the Dead), մասամբ ինքնակենսագրական բնույթի վեպ, որ ներկայացնում է երկրորդ համաշխարհային պատերազմում զինվորի փորձառության պատմությունը: Առաջին իսկ տարում վաճառվում է գրքի ավելի քան մեկ միլիոն օրինակ: Առայսօր ամերիկյան գրականության մեջ «Մերկերը և մեռյալները» պատերազմի մասին գրված լավագույն և կարևոր ստեղծագործությունների շարքին է դասվում:

Թրումեն Կապոտեի, Թոմաս Վոլֆի, և Ջոան Դիդիոնի հետ Մեյլերը համարվում է Նոր լրագրության (New Journalism) հիմնադիրներից մեկը:

«Տոկունություն» (Stamina)էսսեն «Խորհրդավոր արվեստը. մտքեր գրելու մասին»( The Spooky Art: Thoughts on Writing, 2003) ժողովածուից է: Գիրքը պատմում է գրելու վտանգների, ուրախության, միայնության, գրողական մտահոգությունների ու դիպվածների մասին։ Գրքում քննարկվում են նաև սյուժեի, հերոսների, հեղինակային ոճին վերաբերող զանազան խնդիրներ: Հարկ է նշել, որ գրքում զետեղված էսսեներից որոշները՝ (այդ թվում նաև «Տոկունությունը») ի սկզբանե հարցազրույցներ են եղել:

Մարգո Գևորգյան

Տոկունություն

Արդեն ութսուն տարեկան եմ, բայց որոշ մարդկանց համար` դեռ խենթ: Նույնիսկ իմ ամենաբուռն տարիներին խառնվածքիս միայն հինգից տաս տոկոսն էր այդպիսին, մնացածը աշխատանք էր: Սիրում եմ աշխատել։ Հիշում եմ, մի օր Էլիա Կազանը Դերասանների արվեստանոցում ասաց՝ «Այստեղ մենք միշտ աշխատանքի մասին ենք խոսում: Մենք դրա մասին մեծարանքով ենք խոսում: Ասում ենք` աշխատանքը: Աշխատանքը: Այստեղ մենք իսկապես աշխատում ենք և հասկացեք` աշխատանքը բարիք է»: Սա ասաց յուրաքանչյուրիս ուշադիր զննելով: Եվ ես մտածեցի` իրավացի է: Այդ է որ կա: Բարիք:

Անշուշտ, եթե հարցնեք` ինչից է կախված աշխատանքը, ոչ այնքան ուրախ, բանալի բառը դիմացկունությունն է: Պրոֆեսիոնալ գրող դառնալը նույնքան դժվար է, որքան պրոֆեսիոնալ մարզիկ դառնալը: Այն հաճախ կախված է ինքդ քեզ հավատալու կարողությունը չկորցնելուց: Պետք է պատրաստ լինել ռիսկի դիմել, ապա կրկին փորձել: Լավ գրելու համար ահռելի քանակությամբ շարունակական աշխատանք է պահանջվում: Քանի որ մանկության և պատանեկության տարիներին ներազդվում ես նրանից ինչ կարդում ես, ժամանակ է պահանջվում, որպեսզի ձերբազատվես ընթերցանության տարատեսակ ռեֆլեքսներից, որոնք հանգեցնում են վատ արձակ գրելուն:

Հիշում եմ, երբ համալսարանիս նախավերջին տարվա ամռանը առաջին վեպիս վրա էի աշխատում (այն հավերժ չհրապարակված կմնա), Հենրի Ջեյմս կարդացի․նա խոսում էր շարունակելու մասին: Երբ երիտասարդ ես այս հանգամանքը կարող է առաջին սարսափը լինել, որի հետ առերեսվում ես: Վեպդ չափազանց արագ ձևափոխվում է։ Գուցե հենց այս պատճառով էլ քոլեջի ուսանողները խուսափում են երկար արձակ գրելուց: Կարճ պատմվածք գրող երիտասարդները, անկախ նրանից թե ինչքան լավն են` երկար գործեր գրելիս հաճախ անհաջողության են մատնվում: Սկիզբը լավ է ստացվում, սակայն երկրորդ գլխից ամեն ինչ անդարձ կործանվում է: Տխուր ճշմարտություն է, ապագա վիպասանը գուցե պիտի սկսի մի քանի գրքեր, որոնք կձախողվեն, կամ նույնիսկ կջախջախվեն, մինչև դժվարությունների փորձառություն ձեռք կբերի: Եթե վաղ ձախողման նույն հավանականությունը երիտասարդ ավտոմրցարշավորդներին վերաբերվեր` մրցուղիներ չէին լինի:

Վեպ գրելու կարևոր հանգամանքներից մեկը տոնը պահելն է: Գիրք սկսել սիրում եմ, նաև սիրում եմ այն ավարտին հասցնել: Երկար միջնամասերն են, որ խառնվածքիցդ են կախված՝ այդ մեջտեղում եղածը, այդ ամիսներն ու տարիները, երբ գրեթե ամեն օր պետք է ներկայանաս աշխատանքի: Շաբաթական երկու փայլուն ժամ աշխատելով՝ վեպ չես գրի: Վեպ չես գրի, եթե խումարի պատճառով շատ առավոտներ ու կեսօրներ ես կորցնում:

Երբ գործը գլուխ չի գալիս, շաբաթներով պիտի ստիպես քեզ, պիտի  հայտարարես՝ «վաղը գրելու եմ» և ներկայանաս գրասեղանիդ առջև, անգամ եթե ասելիք չունես, և ժամերով նստես այնքան, որքան ինքդ քեզ խոստացել էիր: Իսկ հետո, երբ ոչինչ չստացվի, այնուամենայնիվ ներկայանաս հաջորդ օրը, ապա հաջորդ օրը և դրա հաջորդ օրը, մինչ այդ անհնազանդ ներկայությունը՝ անգիտակցականը որոշի, որ վերջապես կարելի է քեզ վստահել: Սա անչափ կարևոր է: Անգիտակցականն ակնկալում է, որ այն, ինչ քեզ համար պատրաստել է քնիդ մեջ, պիտի արտահայտվի, ցանկալի է հենց հաջորդ օրը: Գիտեք, մեր անգիտակցականի հետ մենք մտերիմ փոխհարաբերության մեջ չենք: Պետք է նորից ու նորից համոզես, որ այն վստահի  քեզ: Երբ վեպ ես գրում, երբեմն պետք է նույնքան պատասխանատվությամբ ապրես, որքան լավ վանականը: Տարիքի հետ սա հեշտանում է:

Գրելը հրաշալի է, երբ խոսում ես դրա մասին: Հաճելի է մտորել: Սակայն գրելը որպես ամենօրյա ֆիզիկական աշխատանք` դուրեկան չէ: Գիրանում ես, լարում որովայնդ, հոդերի կաթված ստանում և այտուցներ ձեռք բերում։ Դու մենակ ես և ամեն օր պիտի առերեսվես դատարկ էջի հետ:

Պրոֆեսիոնալ գրող լինելու մեջ փառահեղ ոչինչ չկա: Այն քեզ ավելի համառ է դարձնում: Հավանաբար դադարում ես վերին գաղափարների մասին մտածել, որպեսզի քո բաժին գործը կարողանաս անել, ինչը նշանակում է պատրաստ ես որոշակի տաժանակիր աշխատանք հանդուրժել: Սակայն միտքդ իհարկե այսօրինակ ձանձրալի պայմաններից այնքան էլ չի ոգևորվում: Պրոֆեսիոնալիզմը երևի թե վատ օրերին աշխատելու ունակությունն է:

Բրուքլինում փոքր ստուդիա ունեի` տնիցս մի քանի փողոց հեռու. ոչ հեռախոս՝ ոչինչ չկար: Միակ բանը, որ այնտեղ երբևէ անում էի` գրելն էր: Պարզապես կատարյալ էր: Ասես ռեֆլեքսով աշխատող ձի լինեի: Գալիս էի գրասեղանիս մոտ նստելուն կազմ ու պատրաստ: Ոչ մի հեռուստացույց, դրսի հետ կապվելու ոչ մի միջոց: Գայթակղվել չէի ցանկանում: Թալմուդյան հին համոզմունք կա` գայթակղություններիդ շուրջ ցանկապատ կառուցիր: Եթե բավարար չէ` ցանկապատի շուրջ ցանկապատ կառուցիր: Այնպես որ, ոչ մի հարմարություն (բացի սառնարանից): Ես գրում էի մատիտով, ձեռագիր, ու տալիս օգնականիս` Ջուդիթ Մքնելիին: Նա մեքենագրում էր, հաջորդ օրը վրայով անցնում էի: Քանի որ իմ տարիքում  սկսում ես շատ բան մոռանալ՝ դժվարությամբ էի հիշում, թե նախորդ օրն ինչ եմ գրել: Այդ պատճառով թվում էր՝ մեկ ուրիշն է գրել: Իմ ներքին քննադատը հրճվում էր: Կարող էի անցնել արձակս ստուգելուն: Կարճաժամկետ հիշողությունդ կորցնելու միակ առավելությունը սեփական խմբագիրդ լինելու ազատության մեջ է:

Երբ ինչ-որ լավ բան եմ կարդում, ուզում եմ գրաքննադատություն գրել: Ուզում եմ մանրամասնել, թե որտեղ է ըստ իս հեղինակը հրաշալի և որտեղ թույլ, հատկապես երբ մեկնաբանները չափից դուրս բարձր գնահատականեր են շռայլում: Երբեմն զգում եմ, որ գործը լավն է, բայց ոչ շատ լավը, և ցանկանում եմ այն վերլուծել։ Սա կարող է շատ խանգարել: Աշխատանքիդ վրա կենտրոնանալու փոխարեն միտքդ կենտրոնանում է ընթերցվող գործի վրա: Ինքդ քեզ պաշտպանելու համար հրաժարվում ես կարդալ այն ամենը, ինչը շատ լավն է: Օրինակ՝ Ստենդալը մինչ գրելը ամեն օր զուգարանում Նապոլեոնի օրենսգիրքն էր ընթերցում:

Միշտ չէ, որ այս օրինակին հետևում եմ:  Երբ «Մերկերը և մեռյալները» (The Naked and the Dead) վեպն էի գրում, Թոմաս Վոլֆ ու Տոլստոյ էի վերցնում: Նրանց ամեն օր չէի ընթերցում, բայց գրասեղանիս վրա էին և կատարյալ էին գործիս համար, հատկապես Տոլստոյը: «Մերկերի և մեռյալների» համար «Աննա Կարենինայի» տոնը հիանալի էր։ Նկարագրություններս թեժացնելու համար Թոմաս Վոլֆը կար։ Եթե արևադարձային մայրամուտի կամ ջունգլիների բույրը զգալու կարիք ունենայի Վոլֆ կկարդայի: Հերոսների համար՝ Տոլստոյ:

Երբեք չգիտեմ, թե գիրքն ինչ ոճով է լինելու, մինչև այն չեմ սկսում: Երբեմն ինքդ քո առաջ բարձր նպատակ ես դնում, սակայն չես հասնում, քանի որ ստիպված ես լինում ավելի գործառական տոն ընդունել: Ի վերջո, ոճը շատ նման է այն տեմպին, որ լուրջ վազորդը սահմանում է իր համար: Պետք է կարողանալ պահպանել այն: Այդ իմաստով ոճը խառնվածքի ճյուղ է: Խառնվածքը քո ռեսուրսների խելացի կամ անմիտ հաշվարկն է:

Կարծում եմ գրողի համար կարևոր է լավ մարզավիճակում մնալը: Հարի Գրեբը, օրինակ, բռնցքամարտիկ էր, ով իրեն լավ մարզավիճակում էր պահում: Նա ամբողջովին բռնցքամարտիկ էր, ինչպես գրողն է ցանկանում ամբողջովին գրող լինել: Նա միշտ անում էր այն ամենը ինչ նրան անհրաժեշտ էր որպես բռնցքամարտիկ, թեպետ նրա մարզչի տեսանկյունից որոշ բաներ խիստ անտրամաբանական էին: Օրինակ, նախքան մենամարտը նա պոռնկանոց էր գնում և ոչ թե մեկ, այլ միանգամից երկու մարմնավաճառ էր վերցնում և երկուսին տանում նույն անկողինը: Այսպես հավանաբար նա իրեն վայրի կենդանի էր զգում: Մի հարցրեք թե ինչու: Երևի նա ընտրում էր երկու ամենաթունոտ պոռնիկներին և այդպես իր մեջ կլանում այն բոլոր մանր, զզվելի, խտացված չարիքները, որ կուտակվել էին մի վագոն տղամարդկանցից։ Գրեբն իր ժամանակի ամենակեղտոտ բռնցքամարտիկն էր: Նրա հարվածն ուժեղ չէր, բայց կարողանում էր վնասել և պատժել հակառակորդներին։ Նա ավելի շատ կեղտոտ հնարքներ գիտեր քան որևէ մեկը, և այդ երկու պոռնիկները նրա մարզման մեթոդների կարևորագույն մասն էին կազմում: Այսպես էլ նա շարունակեց, մինչև որ վիրասեղանին սրտի կաթվածից մահացավ՝ համեմատաբար երիտասարդ տարքում: Կարծեմ երեսունութը չէր լրացել: Նրան վիրահատեցին և նա մեռավ:

Ասածս այն է, որ նա ապրելով մարզվում էր։ Առաջնայինը լավ մարզավիճակում մնալն էր: Եթե նա խմում էր՝ նպատակը խմելով  լավ մարզավիճակում մնալն էր: Մի քիչ անհստակ եմ… Այսպես ասենք` նա չէր խմում լարվածությունից ուղղակի ազատվելու համար: Նա ստիպված էր խմել, քանի որ իր մեջ անտանելի լարվածություն ուներ: Բայց քանի որ նա մտածում էր որպես պրոֆեսիոնալ, կարծում էր, որ եթե պիտի խմի, ապա խմելը ևս կարող է նպատակին ծառայեցնել: Ինչպես դերասանն է օգտագործում այն ամենն ինչ կատարվում է իր հետ, այնպես էլ Գրեբն էր օգտագործում՝ որպես բռնցքամարտիկ: Երբ խմում էր ուշադրությում էր դարձնում, թե ինչպես է մարմինը շարժվում: Խմելու ամենալավ պատճառներից մեկը հետևելն է, թե ինչպես են միտքդ ու մարմինդ շարժվում: Հիմա եկեք փորձենք կիրառել սա:

Վարպետությունը ընթացակարգերի, հնարքների, գիտելիքի, ֆորմալ մարմնամարզության, խորհրդանշական վերնակառույցների պարկ է, կարճ ասած` մեթոդաբանություն: Այն ուրիշներից ձեռք բերվածի համառոտագիրն է: Եվ քանի որ մեծ գրողները փորձառության պատկերացում են փոխանցում, սովորաբար հնարավոր չի լինում փոխառել նրանց մեթոդները: Որովհետև նրանց մեթոդը միահյուսված է նրանց պատկերացմանը: Հետևաբար, վարպետությունն ավելի շատ ձեռք է բերվում լավ և ուրույն ոճ ունեցող միջակ գրողներից: Ի վերջո, վարպետությունն այն է, ինչ հնարավոր է ամբողջությամբ վերցնել նրանց գործերից: Սակայն լավ մարզավիճակում մնալն այլ է: Օրինակ, կարող ես լրագրությամբ զբաղվել և դա ահավոր լինի ոճիդ համար: Կամ այն կարող է սանձել ոճդ: Այլ կերպ ասած՝ տարբեր ոճերի մեջ գրելով կարող ես ավելի լավ գրող դառնալ, կամ անկում ապրել։ Մի քանի տարի առաջ մի գիրք լույս տեսավ (վերնագիրը չեմ հիշում), որտեղ խոսվում էր Փրինսթոնի մի քանի տղամարդկանց հետ անցկացված մի սոցիալական հետազոտության մասին: Նրանցից մեկն ինձ համար արտասովոր մի բան ասաց: Ցանկանում էր սեքսով զբաղվել հնարավոր ամեն տեսակ իրավիճակի, զգացմունքների և տրամադրության ներքո: Ես ապշել էի ոչ այն պատճառով, որ երբևէ ցանկացել եմ նման սեռական կյանքով ապրել, այլ որ դա հենց այն էր, ինչ փորձում էի գրելուս հետ անել: Ես խմբագրում եմ մի տիրույթում, որը տարածվում է հարբածի բացահայտ ցնորական նմանակումից (ինչը մարդուն էլեկտրապես զգոն է դարձնում) մինչև վատ տրամադրության ամենասթափ շերտերը, որտեղ բառերս հազիվ եմ հանդուրժում։ Գրելուս ընթացքում սովորաբար հասցնում եմ գիտակցությանս ամբողջական տիրույթի հետ աշխատել։ Եթե ինքդ քեզ այս յուրահատուկ վիճակում պահես, վարպետությունը կհոգա ինքն իր մասին: Վերջիվերջո, վարպետությունը չնչին բան է։ Սակայն եթե շարունակ անհանգստանում ես, թե արդյոք աճում ես թե անկում ապրում որպես մարդ, արդյոք առաքինությունդ թուլանում է, թե ավելի հաստատուն դառնում… ահա այդ դանդաղ պատերազմում, նվազող տաղանդի դեմ մղվող այդ դանդաղ պայքարի մեջ է, որ լավ մարզավիճակում ես մնում որպես գրող և ձեռք բերում գիտակցություն: Այն ձեռք ես բերում տարիների հետ և այն քեզ թույլ է տալիս գրել ամեն ինչի մասին, և գրել լավ։ Եթե իհարկե գիտակցությունդ լավ մարզավիճակում պահես և միտքդ չբթացնես։ Այն պահից սկսած, երբ փոխառում ես այլ գրողների մտածելակերպը, վարպետության կարիք ես ունենում, որպեսզի ամրացնես պատերը։ Սակայն, եթե այն, ինչ գրում ես սեփական գիտակցությանդ արտացոլանքն է, ապա նունիսկ լրագրությունը կարող է հետաքրքիր դառնալ։ Մարդ չի ցանկանա կյանքը վատնել լրագրությամբ զբաղվելով։ Երբևէ չեմ ցանկանա լրագրությունը որակել որպես մեծագույն զբաղմունք (այն իհարկե ավելի քիչ հետաքրքիր է, քան վեպ գրելը), սակայն ավելի լավ է այն տեսնել որպես լավ մարզավիճակում մնալուն ուղղված ջանք, քան որպես քո արվեստի դավաճանություն։

Ճանապարհին շատ լավ գրողներ են ջախջախվում։ Նրանք նման են ավտոմրցարշավորդներին, և պատիժը որ կրում են վերջիվերջո կանգնեցնում է նրանց։ Նրանք ավելի վատ են գրում, կամ գրելու համար ահռելի ժամանակ է պահանջվում, կամ կորցնում են գրելու ցանկությունը։

Կարծես թե գրողները կործանվելու համար են նախատեսված։ Նայեք ցանկին՝ խմիչք, թմրադեղ, չափից շատ սեքս, քիչ սեքս, չափից շատ ձախողում անձնական կյանքում, չափից շատ շփումներ, չափից շատ ճանաչում, քիչ ճանաչում, հուսախաբություն։ Գրեթե ամեն ինչ կա բարձրակարգ գրողին թուլացնելու համար։ Բայց ամենավատը հավանաբար վախկոտությունն է․ տարիքի հետ մարդ սկսում է գիտակցել սեփական վախկոտությունը։ Համարձակ լինելու ցանկությունը, որ մի ժամանակ ուրախություն էր պատճառում, ծանրանում է զգուշավորությամբ և պարտականությամբ։ Եվ վերջապես՝ անտարբերությունը։ Մեծ գրող լինելն այլևս կարևոր չի թվում, գիտակցում ես, որ արդեն շատ ուշ է։

Տարիքով մեծ գրողի համար ամենադժվարը որոշելն է՝ արդյոք նա սպառվա՞ծ է, թե՞ պարզապես հոգնել է: Նույնիսկ մինչև «Մերկերը և մեռյալները» սկսելը կարծում էի որ սպառված եմ։ Քոլեջում մի քանի լավ բան էի գրել և հիմա ուզում էի իմանալ, թե արդյո՞ք բանակում անցկացրածս ժամանակը չի բթացրել այդ տաղանդը։ Ահա թե երիտասարդ գրողն ինչքան քիչ պատկերացում կարող է ունենալ իր գրական ապագայի մասին։

Կարծում եմ բերքը փոփոխելը լավ միտք է, եթե կարող եք։ Եթե վեպ եք գրել, որը հավաստի է, իրատեսական և մեծ, չափազանց մոտ իրականությանը, ապա միգուցե արժե, որ հաջորդ վեպը լինի հնարավորինս երևակայական։ Այո, եթե կարող եք, փոփոխեք բերքը։

Երբ օրվա հացդ գրչով ես վաստակում, հասկանում ես, որ կարող ես ավելին անել։ Դա նման է մարզիկների ստերոիդներ օգտագործելուն, որպեսզի ուժ հավաքեն: Թեպետ վերջին հաշվով այն վնասակար է, սակայն ռեկորդների է հասցնում։ Մենք նույնն ենք անում։ Կարող ես ինքդ քեզ ստիպել ավելի շատ գրել, քան ցանկանում ես։ Եվ դրանից գրածդ բնավ չտուժի։ Բայց դրա արդյունքը կարող է լինել թուլացած նյարդային համակարգը կամ կրճատված կյանքը։ Իհարկե, մարդ կարող է նաև գերազանցելու հույս ունենալ։ Երբեմն ցանկացածիցդ շատ ավել աշխատելը կարող է էներգիայի աղբյուր հանդիսանալ։ Երբեմն։

Հաճախ զգացել եմ, որ մեծ եռանդով աշխատելը կամ սիրով զբաղվելն այն ժամանակ է ստացվում, երբ ամենալավ և ամենավատ շարժառիթներդ համատեղ են աշխատում։

Գրական կյանքը միայն նախանձի մասին չէ։ Լավ գրողները նույնքան մրցունակ են, որքան լավ մարզիկները։ Երբ հետաքրքիր վեպ է ձեռքս ընկնում, այն ուրիշների նման չեմ կարդում։ Կարդում եմ քննադատաբար, ինչպես մարզիկն է հետևում մյուս մարզիկի ելույթին։ Խոսքը ոչ թե չարությամբ հետևելու մասին է, այլ հակառակը, իդեալականը լավ վեպը գնաhատելն է և դրա արժեքը երբեք չանտեսելը, այն միանգամից գերագնահատված համարելով։ Սա նախանձից ծնված զզվելի հակվածություն է, որը քրոնիկ է գրողի մասնագիտության համար։ Արդյո՞ք սա այն պատճառով չէ, որ ժամանակի մեծ մասը ստիպված ենք միայնակ աշխատել։

Մի քանի բառ վերաշարադրելու և հետազոտության մասին։

Վերաշարադրելով է, որ աշխատելու փորձառությունդ տարիների ընթացքում հաջողություն է բերում։ Գալիս է մի ժամանակ, երբ կարողանում ես աշխատանքիցդ վերցնել առավելագույնը։ Երիտասարդ տարիքում այս  հմտությունն արագ զարգացնելու միակ ճանապարհը քաջություն ունենալն է նայել աշխատանքիդ այն ժամանակ, երբ  պատրաստվում ես ոչնչացնել այն։ Եթե ինչ-որ բան ստացվում է, ապա գուցե արժե դրա վրա աշխատել: Վատ չի լինի նաև հնարավորինս զգացմունքային կարդալը, հասկանալու համար, թե այդ առավելագույնը որը կարող է լինել: Նվազագույն դեպքում այս ամենը քեզ հանդուրժողականություն կսովորեցնի՝ լսարանում ստացած արձագանքների բացառիկ տարատեսակության նկատմամբ: Դու հասկանում ես, որ գործերդ չսիրողները անպայման վատը չեն, իսկ սիրողները պարտադիր չէ, որ արտակարգ մարդիկ լինեն։

Հետազոտությունն այլ բան է։ Օրինակ, պատմական վեպ գրելու հնարքը հետազոտությունը մարսելու մեջ է։ Պետք է խուսափել ասելուց՝ «Բարև, ես Սուրբ Սիմոնն եմ և ես Լուի XIV արքունիքում եմ։ Մադամ դը Մանթենոնը շատ բարկացած է այս առավոտ»։ Ավելի լավ է հիշեցնել ինքդ քեզ, որ Մադամ դը Մանթենոնը իրեն պարտադիր այն Մադամ դը Մանթենոնը չի զգում, ում գիտենք Սուրբ Սիմոնի միջոցով։

Եվ վերջապես միշտ պետք է զգուշանալ ժամանակավրեպությունից։ Դու հասկանում ես, թե որքան դժվար է քո դարաշրջանը տարորոշել մի դարաշրջանից, որը փորձում ես վերստեղծել։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.